Հայաստանի լճերը

Հայաստանի լճերը

May 02, 2019

Աշխարհագրական բարձր լեռնային դիրքի և բնակլիմայական պայմանների շնորհիվ Հայաստանը հարուստ է ջրային մեծ պաշարներով: Ավելին, Հայաստանի ջուրը համարվում է աշխարհի ամենամաքուր և համեղ ջրերից մեկը, քանի որ երկրի ջրամբարները սնվում են լեռնային բնական աղբյուրներից: 

Հայաստանում շատ են նաև բարձրադիր լեռնային լճերը, որոնցից մենամեծը Սևանն է: Այսօր կթվարկենք Հայաստանի ամենահայտնի և գեղեցիկ լճերը և կփորձենք պարզել դրանց մասին գրեթե ամեն ինչ: Սկսե՛նք։

Հայաստանի լճերը #1 Սևան

Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից 1․900մ բարձրության վրա։ Հայելու մակերեսը կազմում է 1․260 կմ², առավելագույն խորությունը՝ 83 մ է։ Չորս կողմից լիճը շրջապատված է Արեգունու, Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռներով։ Դարեր առաջ՝ 874 թվականին, Սևանա կղզում կառուցվել է Սևանավանքը, որն այսօր հատուկ հմայք է հաղորդում լճին, և ժամանակի ընթացքում ջրի մակարդակի իջեցման պատճառով, թերակղզու վերածված կղզուն։ 

Սևանա լիճ

Լիճը գտնվում է Սևան ազգային պարկի տարածքում։ Պարկը ստեղծվել է 1978 թվականին՝ լիճը և հարակից տարածքները պահպանելու նպատակով: Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքում ապրում է թռչունների 267 տեսակ։ Պարկի ֆլորան ընդգրկում է հարյուրավոր բուսատեսակներ, որոնցից 23-ը Հայաստանի էնդեմիկ բուսատեսակներ։ Արգելոցի նպատակն է նաև պահպանել Սևանի իշխան կոչվող արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակը։

Անգնահատելի է նաև Սևանի կարևորությունը որպես Էլեկտրաէներգիայի աղբյուր։ Սևանա լիճ թափվում է 28 գետ և գետակ, իսկ լճից դուրս է գալիս միայն Հրազդան գետը, որն օժտված է էներգետիկ մեծ պոտենցիալով:

Սևանը նաև Հայաստանի գլխավոր ամառային հանգստավայրն է։ Չունենալով մուտք դեպի ծով՝ տեղացիները և զբոսաշրջիկները այստեղ են փախչում ամռան տապից։ Լճի ափին կան հասարակական լողափեր, տաղավարներ, հյուրանոցներ և ռեստորաններ։ Լողափերը տրամադրում են անվճար կայանատեղեր և խաղահրապարակներ, գործում են բժշկական օգնության կայաններ և փրկարարական ծառայություններ: 

Զբոսաշրջիկները հատկապես այցելում են Սևան՝ վայելելու բացառիկ գեղատեսիլ բնությունը և տեսնելու Հայաստանի ամենաառաջին վանքերից մեկը՝ Սևանավանքը։

Հայաստանի լճերը #2 Գոշ

Գոշ լիճը գտնվում է Տավուշի մարզի խիտ անտառներում՝ Դիլիջան արգելոցի սրտում: Լիճը գտնվում է Գոշ գյուղից ոչ հեռու, որտեղ կանգնած է հոյակապ Գոշավանքը:

Գոշ լիճ

Լիճը, ինչպես և վանքն ու գյուղը, անվանվել է 12-13դդ․ հայ գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունով։ Գոշ լիճը շրջապատված է խիտ անտառներով և հարուստ բնությամբ։ 

Տարվա տաք եղանակին հաճախ են կազմակերպվում արշավներ դեպի Գոշ լիճ։ Լիճը տանող ճանապարհն ինքնին հիասքանչ է և անմոռանալի, իսկ հասնելով լճին՝ իսպառ կորցնում ես խոսելու որևէ ցանկությունը, որովհետև հիացմունքը տեղ չի թողնում խոսքերին։

Հայաստանի լճերը #3 Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան լանջին։ Լճի բարձրությունը ծովի մակարդակից 3185 մ է: Մոտակայքում Բյուրական գյուղն է, որտեղից կարելի է հեշտությամբ ոտքով հասնել լիճ։ 

Քարի լիճ

Լիճն առաջացել է սառցե գոյացություններից և ձնհալից։ Ջրի ջերմաստիճանը միշտ սառն է լճի բարձր դիրքի և ձյունով շրջապատված լինելու պատճառով։ Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Հայաստանի լճերը #4 Արփի

Հայաստանի երկրորդ ամենամեծ լիճն Արփին է: Այն գտնվում է Շիրակի մարզում։ Տեղակայված է ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 220կմ² է։ Ջուրն ամբողջ տարին շատ սառն է, իսկ ձմռանը լիճը ծածկվում է սառույցով։ Արփի լճի ջրամբարը հիմնականում օգտագործվում է ոռոգման նպատակով։  

Արփի լիճ

Լճի մերձակայքն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Այստեղ ապրում են ավելի քան 100 տեսակի թռչուններ, որոնցից մի քանիսը ներառված են Կարմիր գրքում: Այստեղ են ապրում նաև Կարմիր գրքում ներառված ջրլող թռչուններից սև արագիլը և մոխրագույն կռունկը: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում աճում է գրեթե 700 տեսակի բույս։ Լճի մերձակայքը բավականին հետաքրքիր է էկոտուրիզմի սիրահարների համար։

Հայաստանի լճերը #5 Ակնա 

Լիճը տեղակայված է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին՝ ծովի մակարդակից 3032 մ բարձրության վրա:

Ակնա լիճ

Մակերեսը 0,8 կմ² է, իսկ առավելագույն խորությունը՝ 15 մետր: Ջուրը պարզ է և քաղցրահամ: Ակնան հայելու նման արտացոլում է շրջակա սարերը և կապույտ երկինքը: Մենք առաջարկում ենք այս վայրը արշավների սիրահարներին:

Հայաստանի լճերը #6 Պարզ լիճ

Պարզ լիճը փոքր լճակ է Դիլիջանում՝ ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա: Այն շրջապատված է Դիլիջան ազգային պարկով։ Պարկը ստեղծվել է շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով:

Պարզ լիճ

Լիճն ամբողջովին շրջապատված է անտառներով և կտրված է արտաքին աշխարհից։ Այստեղ լողալն արգելվում է, սակայն կարելի է լավ ժամանակ անցկացնել ափին՝ նավակ վարել, վրան խփել կամ հետևել ճրի վրա լողացող բադերին։ Վերջին տարիներին այստեղ կազմակերպվում են նաև տարբեր ատրակցիոններ։

Հայաստանի լճերը #7 Սև լիճ

Սև լիճը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին, ծովի մակարդակից բարձրությունը 2650 մ է: Սև լիճը նունպես քաղցրահամ լիճ է:

Սև լիճ

Ընդհանուր մակերեսը 2 կմ է, իսկ խորությունը հասնում է մինչև 7.5մ: Լճի ջուրն օգտագործվում է ոռոգման համար: 2001-ին այստեղ ստեղծվել է արգելոց՝ լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով: Արգելոցը զբաղեցնում է 240 հա տարածք։

Հայաստանի լճեր #8 Երևանյան լիճ

Այս լիճը գտնվում է Երևանում: Ավելին, սա ոչ թե լիճ է, այլ արհեստական ջրամբար, որը կառուցվել է Հրազդանի կիրճում 1970 թվականին: Լճի մակերեսը 0,65 կմ² է, առավելագույն խորությունը՝ 18 մ։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի համար։ Լճում կան ձկներ և խեցգետնազգիներ, լողալն այստեղ արգելվում է։ 

Երևանյան լիճ

Հայաստանի տարածքում կա տարբեր ծագման մոտ 100 քաղցրահամ լիճ և լճակ: Մեր լեռնաշխարհում շատ են հրաբխային լեռները, որոնց գագաթի խառնարանները լցվել են ջրով և դարձել գեղատեսիլ լճակներ։ Այնպես որ, փոքր Հայաստանի բնաշխարհն այնքան հարուստ է, որ տարիներն էլ բավական չեն լինի այն ամբողջությամբ բացահայտելու և ճանաչելու համար։ Կարելի է սկսել, օրինակ, մեր հոդվածում նշված լճերից որևէ մեկով։ 

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել