Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

August 19, 2019

Հայաստանում ճամփորդելիս դուք կհանդիպեք բազմաթիվ հուշահամալիրներ և հուշարձաններ՝ նվիրված երկրի համար կարևոր պատմական իրադարձությունների կամ ազգային հերոսների հիշատակին։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը Հայաստանի ամենախոշոր և մասշտաբային համալիրներից մեկն է։ 

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ՝ պատմական մայրաքաղաք Սարդարապատից 10 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 1918 թվականին հայ ժողովուրդը հաղթանակ է տարել թուրքական կանոնավոր զավթիչ բանակի հանդեպ։

Սարդարապատի հուշահամալիրը կառուցվել է 1968 թվականին։ Շինարարությունը տևել է գրեթե հինգ տարի։ Ամբողջ համալիրը կառուցված է կարմիր տուֆից: Այն բացվել է Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակին: Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։ 

Այս հոյակերտ ճարտարապետական ​​համալիրը ներկայացնում է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը և ճակատամարտի կարևորությունը Հայաստանի համար: 

Սարդարապատի հուշահամալիրի պատերը

Սարդարապատի ճակատամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել ներկայիս Արմավիր քաղաքի մոտակայքում՝ 1918 թ. մայիսի 21-29։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թուրքերը՝ խախտելով Երզնկայում կնքված զինադադարը, անցան պետական սահմանը և սկսեցին հայ ազգի ոչնչացման իրագործումը: 

1918 թվականի մայիսի 21-ին թուրքական ուժերը ներխուժեցին Արարատյան դաշտավայր և գրավեցին Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին՝ ճակատագրական վտանգ ներկայացնելով հայ ազգի ապագայի համար։ 

Սարդարապատի ճակատամարտը։Հայ զինվորներ

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ. մայիսի 22-ին: Երիտասարդներն ու ծերերը, կանայք և երեխաները միացան զինվորներին, որպեսզի պաշտպանեն հայրենիքը: 

Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց։ Այս ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ Արևելյան Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար: Այն հաճախ համեմատվում է Ավարայրի ճակատամարտի հետ:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը

Հուշահամալիրը բաղկացած է ինքնուրույն ճարտարապետական ​​եւ քանդակագործական կոմպոզիցիաներից՝ թևավոր ցուլերի հզոր արձաններ, զանգակատուն, Սարդարապատի ճակատամարտի եւ ղարաբաղյան պատերազմի հերոսների գերեզմաններ, արծիվ-հերոսների ծառուղի, քանդակներով զարդարված հաղթանակի հուշապատ և գեղեցիկ ծառուղիներ, որոնք տանում են Հայաստանի ազգագրության թանգարան։ Ընդհանուր առմամբ, համալիրն առանձնանում է իր մասշտաբայնությամբ և հարուստ սիմվոլիկայով։ 

Հատկապես տպավորիչ են թևավոր ցուլերը և հաղթական զանգերը։ Զանգակատան բարձրությունը 25 մետր է։ Երեք շարքով կախված զանգերը հնչում են ամեն տարի Սարդարապատում հաղթանակ տանելու օրը և այլ հանդիսավոր արարողությունների ժամանակ։ 

Սարդարապատի հուշահամալիր

Ինչ վերաբերում է թևավոր ցուլերին, ապա ըստ Ռաֆայել Իսրայելյանի՝ գաղափարն այն է, որ ցուլերը պաշտպանում են ընկած հերոսների գերեզմանները: 

Հուշապատի բարձրությունը 7 մետր է, եզրերում՝ 9 մ, իսկ լայնությունը՝ 55 մ։ Պատի երկու կողմերի վրա ներկայացված են Սարդարապատի ճակատամարտը խորհրդանշող պատկերներ: Պատի կենտրոնում կամարաձև անցում է, որը խորհրդանշում է բացվող հեռանկարները։ 

Հրապարակից ձախ գտնվող ծառուղու երկայնքով տեղադրված են մի շարքով կանգնեցված հինգ քարե արծիվների հսկայածավալ քանդակներ։ Քանդակների բարձրությունը 6 մ է։ Արծիվները խորհրդանշում են հաղթանակած մարտիկների քաջությունը և հայ ժողովրդի անպարտ ոգին:

Ի սկզբանե նախատեսված էր, որ արծիվները պետք է դեմքով ուղղված լինեին Հայաստանի հարավային սահմանի և Թուրքիայի կողմը։ Սակայն թուրքական իշխանությունների պաշտոնական բողոքից հետո, խորհրդային կառավարությունը հեղինակներին հանձնարարել է փոխել արծիվների դիրքը։ Այժմ արծիվները նայում են բիբլիական Արարատին։

Ռաֆայել Իսրայելյանը և նրա աշխատանքը

Ռաֆայել Իսրայելյանը և նրա աշխատանքը

Լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի

Ինչպես տեսնում եք, համալիրի յուրաքանչյուր մասն ունի հատուկ նշանակություն և կարևորություն: Հուշահամալիրը ներառում է նաև Հայաստանի ազգագրության թանգարանը, որը կառուցվել է մի փոքր ավելի ուշ: Ռաֆայել Իսրայելյանը գտնելով, որ համալիրին ինչ-որ կարևոր բան է պակասում, նախաձեռնում է թանգարանի կառուցումը: 

Թանգարանի շենքը յուրահատուկ ճարտարապետական լուծումների շնորհիվ նմանեցվել է ամրոցի: Շենքը չունի լուսամուտներ։ Միայն հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է արված։

Թանգարանը պարունակում է 70 հազարից ավելի առարկաներ, որոնք պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրեր։ Հավաքածուն իսկապես հսկայական է:

Այնտեղ կտեսնեք նաև բազմաթիվ լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք բացահայտում են Սարդարապատի պատմական ճակատամարտի տեսարանները: 

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը հպարտության, քաջության և գոյատևման հոյակապ խորհրդանիշ է: Այն միավորում է հայ ժողովրդի պատմությունը, ավանդույթներ ունեցող ճարտարապետությունը և բազմադարյա ազգային մշակույթը։

Այցելեք համալիր, եթե ձեզ հետաքրքրում է Հայաստանի պատմությունը և Սարդարապատի՝ աննկարագրելի մեծ նշանակություն ունեցող հերոսամարտը։ Ազդեցիկ հուշահամալիրը և ճակատամարտի մանրամասներն անկասկած մեծ տպավորություն կթողնեն ձեզ վրա։

 

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել