Անկախության օրը Հայաստանում

Անկախության օրը Հայաստանում

September 20, 2019

Հայաստանը լինելով աշխարհի ամենահին երկրներից՝ միշտ պայքարել է իր անկախության համար։ Պայքարի ճանապարհին մեր երկիրն ունեցել է և՛ ցավալի պարտություններ, և՛ փառահեղ հաղթանակներ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենահիշարժան օրերից է։

Ամեն տարի այդ օրը մենք նշում ենք Խորհրդային Միությունից անկախացումը և Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Այս հոդվածում կիմանաք, թե ինչպես է երկիրը ձեռք բերել իր անկախությունը և ինչպես են Հայաստանում տոնում այդ օրը։

Անկախություն Խորհրդային Միությունից

1990-ին Խորհրդային Միությունը սկսեց կորցնել իր իշխանությունը: Միության մաս կազմող երկրները երազում էին անկախություն ձեռք բերել, և Հայաստանը բացառություն չէր: 1991-ին Միխայիլ Գորբաչովը, որը Խորհրդային Միության առաջնորդն էր, ջանքեր էր գործադրում՝ կանխելու Խորհրդային Միության անխուսափելի անկումը:

1991-ի մարտի 17-ին նա անցկացրեց հանրաքվե՝ Խորհրդային Միությունը պահպանելու համար: Բնակչության գրեթե 75% -ը քվեարկեց Միությունը պահպանելու օգտին, սակայն հայերը, վրացիները, մոլդովացիները, լատվիացիները, լիտվացիները և էստոնացիները մերժեցին հանրաքվեն:

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։

Ավելին, սեպտեմբերի 21-ին հայերը անցկացրեցին իրենց անկախության հանրաքվեն, որին ընտրողների 99.5%-ը կողմ քվեարկեցին անկախությանը։ Հանրաքվեին մասնակցել էր բնակչության 95%-ը: Վերջապես իրականություն դարձավ հայի՝ անկախ, ազատ և ինքնավար պետություն ունենալու երազանքը:

Անկախություն Խորհրդային Միությունից

Լևոն Տեր-Պետրոսյանը, որը այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահն էր, ստորագրեց փաստաթուղթը, իսկ Արամ Մանուկյանը ընթերցեց անկախության հռչակագիրը: Հայաստանի Հանրապետությունը ընդունվեց որպես միջազգային հանրության լիիրավ անդամ՝ որպես ինքնիշխան պետություն:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ: 1992 թվականին մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ի դեպ, Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց մեր անկախությունը: 1991-ին ևս 47 երկիր ճանաչեց Հայաստանը՝ որպես անկախ պետություն:

Անկախության օրվա տոնակատարությունները

Երկրի գլխավոր պետական ​​տոնը միշտ նշվում է մեծ շուքով: Ամենամեծ տոնակատարությունները սովորաբար անցկացվում են մայրաքաղաքում: Տոնական միջոցառումներին մասնակցում են թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները:

Անկախության օրվա տոնակատարությունները

Այդ օրը ազգային դրոշը ծածանվում է երկրի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում։ Փողոցում կտեսնեք շատ հայրենասեր երիտասարդների՝ եռագույնը դեմքին կամ ձեռքերին նկարված։

Տոնակատարությունները սկսվում են վաղ առավոտից: Այդ օրը ժողովուրդը ծաղիկներ է դնում բոլոր հուշարձաններին։

Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր պետը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, աղոթք է մատուցում Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնի Սուրբ Մայր տաճարում:

Երկրի ղեկավարությունը ավանդաբար այցելում է Եռաբլուր, որն Արցախյան պատերազմում զոհված հայ զինվորների հուշահամալիր-պանթեոնն է:

Բացի այդ, այդ օրը նախագահը պարգևներ է տալիս պատերազմի վետերաններին և վաստակաշատ քաղաքացիներին, ինչպես նաև նրանց, ովքեր նշանակալի նվաճումներ ունեն պաշտպանության, գիտության, մշակույթի, պետական ​​կառավարման, սպորտի և այլ ոլորտներում։ Այնուհետև տոնակատարությունները տեղափոխվում են քաղաքի կենտրոն: Եթե ​​անցնեք Հյուսիսային պողոտայով կտեսնեք բազմաթիվ նվագախմբեր, որոնք նվագում են ժամանակակից և ազգային երաժշտություն:

Մարդիկ պարում և ողջունում են միմյանց, երեխաները մասնակցում են կավճով նկարչությանը և այլ միջոցառումների: Լինում են ցուցահանդեսներ և բաց տոնավաճառներ, որտեղ կարելի է համտեսել հայկական ուտեստներ, գինի և այլն: 

Անկախության օրվա տոնակատարությունները

Այնուամենայնիվ, ամենամեծ տոնակատարությունը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում, որտեղ սովորաբար համերգ է տրվում հայ էստրադային աստղերի և պարային համույթների մասնակցությամբ։

Համերգին ներկա են լինում վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ուշ երեկոյան տեղացիները և քաղաքի հյուրերը կարող են վայելել մեծ հրավառությունը: 

Ինչպես տեսնում եք, այս օրը հագեցած է իրադարձություններով և միջոցառումներով, քանի որ համայն հայությունը հպարտությամբ նշում է հայրենիքի անկախությունը:

Այս տարի մենք տոնեցինք անկախության 28-ամյակը, սակայն պետք է նշենք, որ 25-ամյակը պարզապես հոյակապ էր կազմակերպված: Այդ տարի տոնակատարությունները ներառվում էին նաև ռազմական շքերթ: Հազարավոր մարդիկ էին հավաքվել հրապարակում շքերթը դիտելու և այս մեծ տոնը նշելու:

Շքերթի ընթացքում Հայաստանի զինված ուժերը ցուցադրեցին նոր ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համակարգը: Այն առաջին անգամն էր ներկայացվում հանրությանը: Այս կերպ մենք աշխարհին ցույց տվեցինք մեր իրական ուժը: Մենք ապացուցեցինք, որ ունենք բավարար ուժ մեր հողերը պաշտպանելու համար:

Անկախության օրը մեզ համար ամենակարևոր ազգային տոնն է և դրա պատճառը բավականին ակնհայտ է․ հայ ազգը դարեր շարունակ պայքարել է իր ազատության համար և երբեք չի հրաժարվել անկախ լինելու երազանքից:

Մեր թշնամիները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը և ջնջել հայոց երկիրն աշխարհի քարտեզից: Մեր նախնիները կարողացան իրենց կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Հիմա ժամանակն է, որ մենք պահենք և զարգացնենք մեր երկիրը:

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել