Հայկական հարսանիք

Հայկական հարսանիք

June 03, 2019

Կյանքում շատ են հիանալի պահերը, սակայն հարսանիքը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հարսանեկան սովորույթներն ու ավանդույթները: Հայկական ավանդական հարսանիքները միշտ եղել են ինքնատիպ և շատ տոնական։

Հայկական հարսանիք

Նկարը՝Գարիկ Փայտյան

Ժամանակի ընթացքում դժվար է պահպանել հին ավանդույթները, քանի որ ոփոխություններն անխուսափելի են: Եկեք ուսումնասիրենք հայկական հարսանիքների պատմությունը և հին ժամանակներից եկած ավանդույթները:

Նշանադրություն և հարսանիքի նախապատրաստություններ

Մենքը պահպանողական ենք, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան մշակույթին և արժեքներին: Հնում հայերը կարծում էին, որ հարսանիք անելու լավագույն ժամանակը աշունն ու ձմեռն է, քանի որ գարնանը և ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով:

Հարկ է նշել, որ երիտասարդները իրավունք չունեին ինքնուրույն ընտրել իրենց զուգընկերոջը: Այս որոշումը հաճախ ընդունում էին երիտասարդների ծնողները, ովքեր հաճախ փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց երեխաներին:

Նշանադրություն և հարսանիքի նախապատրաստությունները Հայաստանում

Հարսնացուին սովորաբար ընտրում էին իրենց շրջանից կամ հարևան գյուղից: Սկզբում տղայի ծնողներն այցելում էին ապագա հարսնացուի տուն, հայտնում իրենց մտադրությունը և աղջկա հորից խնդրում նրա ձեռքը: Պաշտոնական ծանոթությունից և աղջկա ծնողներից համաձայնություն ստանաուց հետո, սկսվում էր արարողության հաջորդ՝ նշանադրության փուլը: 

Ավանդաբար, նշանադրության երեկույթը կազմակերպում էր հարսնացուի կողմը: Այդ օրը փեսան մատանի էր դնում հարսնացուի մատին, և դա համարվում էր խոստումի և պարտավորության նշան: Այս արարողությունը նաև կայանալիք ամուսնության պաշտոնական համաձայնությունն էր: 

Նշանդրեքից հետո նշանակվում էր հարսանիքի ամսաթիվը, և սկսվում էին նախապատրաստական ​​աշխատանքները: Ի դեպ, ամենակարևոր որոշումներից մեկը քավորի ընտրությունն էր, ով հարսանիքի ժամանակ կարևոր դեր ուներ: Քավորն ընտրվում էր փեսայի ամենամոտ ընկերներից: Քավորը և նրա կինը պետք է օրինակ ծառաեին նորապսակների համար, այդ իսկ պատճառով, քավոր էին ընտրում կայուն և ամուր ընտանիք ունեցող մեկին։

Ավանդական հայկական հարսանիք

Հայկական հարսանիքները սովորաբար մեծ են՝ հարյուրից ավելի հյուրերով: Հնում հարսանեկան արարողությունները տևում էին յոթ օր և յոթ գիշեր: Հարսանեկան մեքենաներից մեկը զարդարում էին աղվեսով, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: Ըստ հայկական ավանդույթի, հարսանեկան արարողությունները սկսվել են վաղ առավոտից: Հարսանիքն ուղեկցվել է մի խումբ երաժիշտների ուրախ նվագակցությամբ։ 

Ավանդական հայկական հարսանիք

Հյուրերը և քավորը երգ ու պարով մտել են հարսի տուն, շնորհավորել միմյանց, և կենացներ ասել: Այնուհետև հարսին ու փեսային ուղեկցել են եկեղեցի՝ Աստծո օրհնությունը ստանալու։ Եկեղեցու արարողությունից հետո նորապսակները և հյուրերը գնացել են փեսայի տուն:

Տան շեմին հարսն ու փեսան ափսե են կոտրել՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Դրանից հետո սկեսուրը նորապսակների ուսին լավաշ է գցել և նրանց մի-մի գդալ մեղր տվել, որպեսզի նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։ Լավաշը պտղաբերության խորհրդանիշն է եղել։

Հարսանիքը սովորաբար անցկացվում էր փեսայի տանը: Նորապսակները, նրանց հարազատները և ընկերները հավաքվում էին այնտեղ և միասին տոնում երիտասարդների միությունը: Հյուրասիրվում էին ավանդական ուտեստներ և հնչում էին շատ կենացներ: Ամենատարածված կենացը «Մի բարձի ծերանաք»-ն էր: Հարսանեկան արարողությունը տևում էր մինչև ուշ երեկո:

Պահպանված ավանդույթներ

Այսօր հին ավանդույթներից շատերը չեն պահպանվել, սակայն կան դեռ ավանդույթներ, որոնց ոմանք հետևում են։ Օրինակ, երբ գալիս են հարսի հետևից, հարսի ճարպիկ բարեկամներից մեկը՝ հիմնականում եղբայրը, փախցնում է հարսի կոշիկը։ Հարսանեկան արարողությունը չփչացնելու և չուշացնելու նպատակով հարսի կոշիկի դիմաց փեսան կամ քավորը գումար է առաջարկում: 

Պահպանված ավանդույթները հայկական հարսանիքներում

Հարսին տանից դուրս հանելու պահին, հարսի եղբայրը սրով պահում է դուռը և չի թողնում, որ քրոջը տանից տանեն: Այս ժամանակ, քավորն առաջարկում է գումար՝ ճանապարհը բացելու դիմաց:

Պահպանվել է նաև հարս ու փեսային սկեսուրի կողմից մեղրով դիմավորելու և ուսերին լավաշ գցելու ավանդույթը։

Ժամանակակից հայկական հարսանիք

Հայկական հարսանեկան ավանդույթներից շատերն այսօր փոխվել են, չնայած որ շատ բաներ նաև պահպանվել են: Այսօր, բարեբախտաբար, երիտասարդներն ինքնուրույն են ընտրում իրենց զուգընկերոջը: Աղջիկները հագնում են ժամանակակից սպիտակ հարսանեկան զգեստներ, իսկ տղաները նախընտրում են դասական կոստյումներ: Օժիտը փոխարինվել է փողով, տան կամ մեքենայի բանալիներով, իսկ երբեմն էլ՝ հարսանեկան ճամփորդության տոմսերով:

Ժամանակակից հայկական հարսանիք

Վերջին տարիներին ոչ միայն փեսացուները, այլ նաև հարսնացուները սկսել էն նախամուսնական առանձին երեկույթներ կազմակերպել, որին հավաքվում են միայն փեսայի և հարսի ընկերները։

Ինչպես տեսնում եք, հայերին հաջողվում է համատեղել հին հայկական հարսանեկան ավանդույթները ժամանակակից եվրոպական արարողակարգերի հետ: 

Այժմ հարսանեկան արարողությունը տևում է ընդամենը մեկ օր: Հարսանիքի օրը հարսնացուի կողմը հյուրասիրություն է պատրաստում և սպասում է փեսայի ժամանմանը: Փեսայի կողմը հաճախ ժամանում է շքեղ մեքենաների շարասյունով: Հետո աղջկան տանից դուրս են հանում և գնում են եկեղեցի: Սիրված վայրերից են ԷջմիածինըԳեղարդը, Գայանեի և Հռիփսիմեի եկեղեցիները և շատ ուրիշներ:

Հարսանիքի ուրախ մասը տեղի է ունենում ռեստորանում: Երբեմն դահլիճ մտնելիս նորապսակները ուտում են մի գդալ մեղր, կոտրում են մի ափսե, որից հետո մտնում են ռեստորան: Ամենակարևոր ավանդույթներից մեկը կենացների հաջորդականությունն է: Հայերը կենացներ են ուղղում իրենց հարազատներին, ծնողներին և սիրելիներին: 

Արարողության ընթացքում հարսնացուն պարում է իր հարսանեկան պարը: Նա նաև իր ծաղկեփունջն է նետում չամուսնացած աղջիկներին։ Հարսանիքն ավարտվում է ուշ երեկոյան հարսանեկան տորթի կտրման արարողությամբ և տարոսիկներ բաժանելով։ Հարսանիքից հետո նորապսակները սովորաբար մեկնում են մեղրամիս:

Ինչպես տեսնում եք, մեր հարսանեկան ավանդույթները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց որոշ ծեսեր դեռևս արդիական են: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պահպանել այն սովորույթները, որոնք բնորոշ են միայն մեզ, որպեսզի կարողանանք դրանք փոխանցել մեր սերունդներին:

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
February 21, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Շարունակել
Հայոց թագուհիներ
January 30, 2020 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Շարունակել
Աշխարհի ամենահարուստ հայերը
January 13, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Շարունակել