Խորովածի փառատոն

Խորովածի փառատոն

September 18, 2017

Խորովածն այնքան սիրված և տարածված է Հայաստանում, որ նույնիսկ անցկացվում է խորովածի փառատոն Ախթալայում։ 

Մենք՝ հայերս, խորոված պատրաստում ենք բոլոր տոնական առիթներով՝ լինի դա Ամանոր, ծննդյան տոն, հարսանիք, թե պարզապես ընկերական խնջույք։ 

Որպես կանոն խորովածի պատրաստությունը վստահում են տղամարդկանց, իսկ կանայք այդ օրը օգնականի դերում են։ Հայ տղամարդիկ մեծամասամբ վստահ են, որ ամենահամեղ խորովածն իրենք են պատրաստում և հպարտությամբ հյուրասիրում են իրենց հյուրերին և, իհարկե, չեն մոռանում կիսվել ճիշտ խորոված պատրաստելու իրենց հատուկ գաղտնիքներով։ 

Խորովածի փառատոնի նպատակն է հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալա քաղաքում զբոսաշրջության խթանումը: Ախթալան գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորից 62 կմ հյուսիս: Քաղաքը հայտնի է 10-րդ դարի լավ պահպանված վանական համալիրով։

Խորովածի պատրաստումը հեշտ գործ չէ և պահանջում է հատուկ ծիսակարգ։ Ավանդական հայկական խորովածը պատրաստվում է խոզի, գառի, տավարի կամ հավի մսով՝ համեմված տարբեր տեսակի համեմունքներով:

Խորովածի փառատոն

Երբ խորովածն արդեն պատրաստ է, այն վերցնում են կրակից և լցնում մեծ կաթսայի մեջ, որի հատակին արդեն փռված է լինում լավաշի 2-3 շերտ և մաքրած սոխի շրջանակներ։ Խորոված միսը լցնում են ամանի մեջ և վրայից ևս ծածկում լավաշով։ 

Կաթսան ծածկում են և թողնում մի քանի րոպե, որպեսզի այն հանգստանա և համերն ու հոտերը խառնվեն։ Շատերը համարում են, որ խորովածի ամենահամեղ մասը լավաշն է, որով խորովածը կաթսայի մեջ փաթաթված է լինում։ Այնպես որ, աշխատեք այդ լավաշից մի կտոր անպայման փորձել, քանի որ այն սեղանին երկար չի մնում։  Բուսակերները կարող են ուտել բանջարեղենային խորովածը (սմբուկ, քաղցր և կծու բիբար, լոլիկ), որը սովորաբար մատուցվում է ավանդական մսի խորովածի հետ։ 

Փառատոնի ժամանակ տարբեր ընկերությունների, ռեստորանների, և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին ​​խոհարարներ Հայաստանի շրջաններից և տարբեր երկրներից, ներկայացնում են իրենց պատրաստած խորովածը և հյուրասիրում փառատոնի մասնակիցներին: Կազմակերպիչները խոհարարական տարբեր մրցույթներ են անցկացնում: 

Խորովածի փառատոնն ուղեկցվում է հայկական ավանդական երգ ու պարով, համերգային ծրագրով։  2017 թվականին կազմակերպիչները Ախթալան հայտարարեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք:

Այս տոնի նպատակը միայն միս ուտելը չէ, այլ նաև միասին հավաքվելը բնության գրկում, ուրախ տրամադրությամբ կիսվելը և օրը տոն դարձնելը։  

Armenia Discovery

Տիպը՝ ըստ անվան

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Նավասարդ
January 15, 2018 Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...

Շարունակել
Ձկան փառատոն
September 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
September 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել