Վարդավառ

Վարդավառ

Ամառվա շոգ և տոթ օրերին հայերը տոնում են Վարդավառը և զովանում՝ ջրոցի խաղալով։

Այսօր Վարդավառը հայ առաքելական եկեղեցու հիմնական տոներից է, սակայն այն հեթանոսական ծագում ունի։ Այն կապում են Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ, որին նվիրված տոնակատարության ժամանակ մարդիկ միմյանց վրա ջուր են ցողել և սիրո ու գեղեցկության աստվածուհուն վարդեր նվիրաբերել։ 

Կա նաև կարծիք, որ Վարդավառ բառը ծագել է հնդեվրոպական var-ջուր և arr- ցողել բառերի համակցությունից։

Քրիստոնեություն ընդունելուց հետո գրեթե բոլոր հեթանոսական կրոնական ավանդույթներն ու սովորույթները փոխվեցին, իսկ տաճարներն ու մեհյանները ավիրվեցին: Հեթանոսական տաճարների հիմքերի վրա կառուցվեցին նոր քրիստոնեական եկեղեցիներ: Այդ ժամանակներից մնացած միակ տաճարը Գառնու տաճարն է, որը ճարտարապետական ​​մեծ արժեք է ներկայացնում։

Լինելով հայ ժողովրդի ամենասիրված և ուրախ տոնը՝ Վարդավառը պահպանվել է՝ վերափոխվելով քրիստոնեական տոնի։ Եկեղեցին անվանում է այն Քրիստոսի այլակերպության կամ Քրիստոսի պայծառակերպության տոն։ Փոխվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթի խորհուրդը, որն այսօր նշանակում է մեղքերից հեռացում և մաքրագործում: 

Վարդավառ

Խորհրդային տարիներին տոնակատարությունն ավելի զուսպ էր անցկացվում: Սակայն Հայաստանի անկախացումից հետո, այն կրկին վերականգնվեց և այսօր նշվում է մեծ շուքով և ուրախությամբ։ Վարդավառը նշում են Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց՝ հուլիսյան շոգ և տոթ օրերին։

Տոնը սիրված է բոլորի կողմից, այնպես որ չզարմանաք, եթե տեսնեք մի ծերուկի, ով ջրով լիքը դույլը ձեռքին վազում է բակի երեխաների հետևից։ Ինչպես նաև պատրաստ եղեք ջրվելու, որովհետև ոչ մի հանգամանք ձեզ չի փրկի խուսափել օրվա ավանդույթից։ Ավելի լավ կլինի մի կողմ դնեք ձեր բոլոր գործերը, հեռախոսն ու դրամապանակը և երեխայի նման վայելեք օրվա թեթևությունը։ 

Ամառվա ամենամեծ տոնը նշում են Հայաստանի բոլոր անկյուններում, այնպես որ դրան մասնակցելու համար հարկավոր չէ ինչ-որ տեղ գնալ։  Սակայն, եթե ցանկանում եք լինել իրադարձությունների կենտրոնում, կարող եք գնալ Երևանի Կարապի լիճ կամ Հանրապետության հրապարակ: 

Ջրոցի

Վարդավառը սկսում են նշել առավոտից։ Այն ուղեկցվում է շոուներով և համերգներով։ Երբ օրվա տապը մեղմանում է, կարող եք հանգիստ շունչ քաշել․ բոլորը դույլերը վայր են դնում։

Եթե մտադիր եք մասնակցել ջրոցուն  ձեր այցելության ընթացքում Հայաստան, ապա նախապես ճշտեք տոնախմբության օրը և անպայման միացեք համահայկական զվարճանքին։

Armenia Discovery

Հեղինակ՝ Armenia Discovery

Ստեղծված է Սեպտեմբեր 18, 2017 / Թարմացված է Ապրիլ 16, 2026

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Նավասարդ
Հունվար 15, 2018 Նավասարդ

Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ժամանակակից տոմարով այն սկսվել է օգոստոսի 11-ին։ Հենց այդ ժամանակ են հայերը տոնել Նոր տարին։ Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել...

Շարունակել
Ձկան փառատոն
Սեպտեմբեր 24, 2017 Ձկան փառատոն

Ձուկը հատուկ տեղ ունի հայկական խոհանոցում։ Հայաստանում ձկան փառատոնը հաճախ անցկացվում է Զատկի տոնին ընդառաջ, քանի որ ձուկը քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Փառատոնին  ներկայացվում են ձկան հայկական ավանդական և նոր ուտեստներ։  Բազմաթիվ ընկերություններ և ռեստորաններ...

Շարունակել
Թթի փառատոն
Սեպտեմբեր 24, 2017 Թթի փառատոն

Թթի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի մի քանի վայրերում և Լեռնային Ղարաբաղում: Առաջին թթի փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականին Արցախում՝ Ամարաս վանքի հարակից տարածքում։ Ավելի քան 30 մասնակից ԼՂՀ-ից ու Հայաստանից ներկայացնում են իրենց սեփական արտադրությունը:...

Շարունակել